Միջազգային 3 ֆորմատով Հայաստանի և Ադբեջանի միջև խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են. վարչապետ

Միջազգային 3 ֆորմատով Հայաստանի և Ադբեջանի միջև խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են. վարչապետ

«Նախ պետք է արձանագրել, որ միջազգային 3 տարբեր ֆորմատներով Հայաստանի և Ադբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են»:

Այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Վարչապետը նշեց, որ այդ համաձայնություններից մեկը եղել է 2022-ին Պրահայում:

«Մենք երկար քննարկումներից հետո ընդունել ենք համատեղ արձանագրություն, որտեղ կա հետևյալ սկզբունքը՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականին հաստատված Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Այդ հռչակագրով ընդունված է մի քանի բան՝ Խորհրդային Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ և նրա մասը կազմող պետությունները դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, անկախության սկզբունքը: Սա նշանակում է՝ Ալմաթիի հռչակագրով խորհրդային միության պետությունների միջև եղած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման: Հռչակագրով հստակ սահմանվում է, որ պետություններն ընդունում են այդ պահին գոյություն ունեցող պետական սահմանները:

Այս հռչակագիրը վավերացրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, սակայն այստեղ պետք է նշել, որ այդ բոլոր իրադարձություններից հետո Պրահայում հանդիպմանը Հայաստանն ու Ադբեջանն ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,-նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա:

«Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է, որից բացի եղել է ՌԴ  նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ստորագրած պայմանավորվածությունը, որով ընդգծված է, որ կողմերը հրաժարվում են ուժի և սպառնալիքի կիրառումից, և հետագա հարցերը լուծում են բանակցությունների միջոցով:

Այս պայմնավորվածությունն էլ հիմք է դարձել երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման, որը նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը տեղի կունենա միմյանց ինքնիշխանության հարգման պարագայում, այս սկզբունքն էլ նախորդ երկուսի հետ արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ընթացքում:

Այս ամենի կապը ձեր հարցի հետ այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են և նախորդ տարեվերջին թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը 3 անգամ հրաժարվեց տարբեր ֆորմատներով հանդիպումներից, հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ և ենթադրում եմ, որ ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի:

Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի այդ կամքը՝ գնալու մեր տաածաշրջանում խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,-հարցին ի պատասխան եզրափակեց վարչապետը, այնուհետ նշեց, որ դրական չէ այսքան ձգձգումն ու այսքան ժամանակ կորցնելը:

Նա հիշեցրեց, որ Գրանադայի կարևոր հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել, այնուհետ՝ հրաժարվեց նաև Բրյուսելում հանդիպումից, հետո եղան Լեռնային Ղարաբաղի գնդակոծումն ու հայաթափումը: Երբ իրար կողքի են դրվում այս իրադարձությունները, ըստ Փաշինյանի, հնարավոր է ենթադրել, որ Ադրբեջանը քայլ առ քայլ հրաժարվում է պայմանավորվածություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում