Ես, իհարկե, գիտեմ, որ «Ժողովուրդ» կոչվող օրաթերթն առանց ինձ կյանք չունի, բայց եթե այսպես շարունակվեց, հոնորար եմ պահանջելու իմ հաշվին «ապրելու» համար. Թորոսյան
Ես, իհարկե, գիտեմ, որ «Ժողովուրդ» կոչվող օրաթերթն առանց ինձ կյանք չունի, բայց եթե այսպես շարունակվեց, հոնորար եմ պահանջելու իմ հաշվին «ապրելու» համար :
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ թերթոնի «գերպրոֆեսիոնալ» լրագրողները չեն հասկանում՝ գրեթե ամեն օր ինձ անդրադառնալով ոչ թե վնաս են տալիս, այլ օգուտ, հատկապես՝ այսօրվա հրապարակմամբ։ Մինչ այդ ասեմ՝ նրանք նույնիսկ չեն գիտակցում, որ այնքան են վարկաբեկված, որ ցանկացած մեկին իրենց կողմից վատ լույսի տակ ներկայացնելն ավտոմատ բարձրացնում է այդ անձի վարկանիշը։Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը
Հիմա այսօրվա մասին։
Մեր գերպրոֆեսիոնալներն այսօր անդրադարձել են իմ հեծանվին։ Այո՛, այո՛, պետք չէ զարմանալ՝ հենց իմ հեծանվին։ Հոդվածն էլ վերնագրել են. «Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե»։
Նախ, եկեք մի պահ մտովի մոտ 8 և ավելի տարի հետ գնանք ու հիշենք, թե ինչ էր գրում մամուլն այն ժամանակվա իշխանավորների գույքի մասին, որն այժմ որպես ապօրինի գույք վերադարձվում է պետությանը։ Պարզապես պատկերացրեք իմ հեծանիվը և, ասենք, ոմանց դղյակներն ու միլիոնավոր դոլարներ արժեցող ավտոպարկերը։ Պատկերացրի՞ք։ Հիմա անցնենք առաջ։
Մեր գերպրոֆեսիոնալները նաև գրել են, թե իբր իմ «գերթանկարժեք» հեծանիվը հայտարարագրված չէ, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Պարզապես պետք էր լավ փնտրել, իսկ հարցերի դեպքում՝ հարցնել։ Հայտարարագրիս այն հատվածը, որտեղ նշված է հեծանիվի ձեռքբերումը, կցում եմ։ Որպեսզի շատ չչարչարվեք, ահա մոդելը՝ Canyon Aeroad CF SLX 8 AXS, արժեքը՝ 7000€, որը վճարել եմ իմ օրինական եկամուտներից։
Շնորհակալ եմ նաև, որ նկատել եք՝ 20 կգ նիհարել եմ։ Ավելին ասեմ՝ դեռ 10 կգ էլ նիհարելու եմ։ Ու դա արել եմ ոչ թե «պաշտոն ունենալու» համար (ինչն արդեն 8 տարի է՝ ունեմ), այլ պարզապես առողջ լինելու նպատակով։ Հիմա պատկերացրեք այն սյուրռեալիզմը, երբ որևէ ԶԼՄ կարող է նախարարին կամ պատգամավորին «մեղադրել» հեծանիվ քշելու և նիհարելու մեջ։ Համեմատեք դա նրա հետ, թե ինչում էին մեղադրում, օրինակ, 2017-ի ԱԺ պատգամավորներին։
Ահա այսպիսի ուրախ առավոտ :
Հ.Գ. քանի որ մեծ հոնորարի հույս ունեմ, հոդվածի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում։


Կարծիքներ