Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար` ծանոթանալու հուլիսի 24-ին այն որպես մզկիթ բացելուն ուղղված աշխատանքներին (լուսանկար)

Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար` ծանոթանալու հուլիսի 24-ին այն որպես մզկիթ բացելուն ուղղված աշխատանքներին (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճար` ծանոթանալու հուլիսի 24-ին այն որպես մզկիթ բացելուն ուղղված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանին տաճարում անցկացվող աշխատանքներին ծանոթացրել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան: Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցել են նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:

Հուլիսի 24-ին ուրբաթօրյա նամազով Սուրբ Սոֆիայի տաճարը կբացվի որպես մզկիթ:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ:

Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականի Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում