«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները

«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

«Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը և առաջարկվել հայ նկարիչներին պատկերազարդել դրանք:


Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այս ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այս թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելել է նախագծի հեղինակը:

«Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իրապես, մարտահրավեր էր մեզ համար։ Բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի, և ոչ այնքան, նկարիչների միության անդամ հանդիսացող, և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում