Գլխավոր դատախազն ԱԺ-ին միջնորդեց համաձայնություն տալ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Գլխավոր դատախազն ԱԺ-ին միջնորդեց համաձայնություն տալ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Ազգային ժողովը քննարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ վարույթը, որի շրջանակներում Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացվել է, փոխկապակցված է այն վարույթին, որի շրջանակներում ներկայացվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ 

«2025 թվականի հունիսի 9-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը, խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ»,- մանրամասնել է ՀՀ գլխավոր դատախազը: 

ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը։ 

«Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել: Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:  Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաև իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։ 

Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկմանը ևս ընդդիմադիր «Պատվի ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում