Հայաստանում շինարար աշխատելը շատ ավելի ձեռնտու է. Վահագն Ալեքսանյանը օրինակներ է նշել

Հայաստանում շինարար աշխատելը շատ ավելի ձեռնտու է. Վահագն Ալեքսանյանը օրինակներ է նշել

«Հայաստանում, այո, շինարար աշխատելը շատ ավելի ձեռնտու է, քան նույն աշխատանքը անելը արտագնա աշխատանքի հիմնական ուղղություն համարվող երկրներում»:

Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ու բերել սեփական առօրյայում հանդիպած օրինակ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Իջևանի մեր Խաշթառակ գյուղից Երևան գալիս, «Մայր Հայաստան» արձանի ներքևում խանութ մտա ու հենց մուտքի մոտ մի երիտասարդ տղա բարևեց ու ասաց որ վերևում շինարարություն են անում ու որ շատ կուզի ծանոթանամ աշխատանքներին։

Իր մեքենայի հետևից քշեցի, բարձրացանք արձանի մոտ, որտեղ էլ կառուցվում է այս պուրակը՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը տված մեր եղբայրների։

Շինարարը՝ Մհերը, պատմեց, որ այդ պահին ներկա համարյա բոլոր աշխատողները սահմանամերձ Այգեհովիտից են, հասուն կյանքի մեծ մասը «խոպանում» են եղել, բայց արդեն մի քանի տարի է, ինչ շինարարական աշխատանքներ են անում Հայաստանում։ Հարցրի, թե ո՞նց են վարձատրվում, նախ շեշտեց.- «Գրանցված, օրինական, քարտով-բանկով»,- հետո էլ արդեն թիվը նշեց՝ օրական հաշվարկով 15-20 հազար դրամ։ Ասաց, որ փոքր երեխա ունի ու հաստատ չէր ուզի «խոպանի» պատճառով երեխան առանց իր ներկայության մեծանա։

Ու այսպես հազարավոր մարդիկ Հայաստանի ամենատարբեր մարզերից ու գյուղերից, որոնք իրենց կյանքը չեն պատկերացրել առանց արտագնա աշխատանքի, հիմա ապրում և աշխատում են Հայաստանում։ ՈՒ դա անում են ոչ միայն էմոցիոնալ շատ կարևոր բաղադրիչների դրդմամբ, այլև պարզ ու պրագմատիկ ֆինանսական հաշվարկից ելնելով, քանի որ Հայաստանում, այո, շինարար աշխատելը շատ ավելի ձեռնտու է, քան նույն աշխատանքը անելը արտագնա աշխատանքի հիմնական ուղղություն համարվող երկրներում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում