Հերոսն այն կերպարն է, որին մարդիկ ձգտում են նմանվել. մշակույթի գործիչներն անդրադարձել են սուպերհերոսների մասին ֆիլմեր նկարահանելուն

Մշակույթի գործիչները կարծում են, որ հերոսն այն կերպարն է, որին մարդիկ ձգտում են կամ փորձում են նմանվել, և որոնց անհրաժեշտ է ճանաչել, այնինչ կան երկրի ազգային հերոսներ, որոնք ապրում են, սակայն նրանց մասին շատ քչերը գիտեն:
Հայաստանում սուպերհերոսների մասին սերիալներ, ֆիլմեր նկարահանելու վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանը խոսել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու արձակագիր, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին:
«Այսօրվա սերիալներում ներկայացված հերոսները չեն բնորոշում ժամանակակից հային, սակայն սերիալները պահանջարկ ունեն, ուրեմն հասարակության որոշակի մաս իրեն տեսնում է այդ կերպարներում, ուզում է նմանվել նրանց: Դա նշանակում է, որ մենք ունենք շատ մեծ խնդիր»,-ասաց Բաբայանն ու հավելեց՝ կարևոր է, թե ինչ արժեքներ է հերոսը բերում ու տանում:
Նրա խոսքով՝ եթե մենք չենք որոշում մեր արժեքային համակարգը, չենք որոշում, թե ինչպիսի հասարակություն ենք ուզում տեսնել, պարզ է, որ առաջ են գալիս սերիալների հերոսներ, տիպաժներ: «Թե ինչքանով դրանով պետք է զբաղվի պետությունը, ՀՀ ազգային ժողովը, ես չեմ հասկանում: Կարծում եմ՝ պետությունը նախ պետք է օժանդակի տաղանդավոր մարդկանց, որովհետև կարելի է շատ կարևոր թեմա բերել, բայց այնքան անշնորհք այն իրագործել, որ հակառակ բան ստացվի»,-շեշտեց Ռուբեն Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ եղել են Արցախյան առաջին պատերազմի սերնդի մասին ֆիլմեր նկարահանելու, ներկայացումներ բեմադրելու բազմաթիվ պատվերներ, սակայն իրագործված նախաձեռնություններից գրեթե ոչինչ չենք հիշում, փոխարենը չենք մոռանում ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը, որը բեմադրվել է առանց պետական աջակցության: Այն ներկայացված է եղել պետական մրցանակի և չի ստացել, բայց մասնակցել է մոտ ութ միջազգային փառատոնի, այդ բեմադրութամբ բացվել է Շուշիի մշակույթի պալատը: «Այդ ներկայացումն արվեստի գործ է, որն արձագանք գտավ տարբեր ժողովուրդների շրջանում: Ինչո՞ւ, որովհետև այն տաղանդավոր մարդ է բեմադրել և գտել է ճիշտ լեզուն: Թող ամեն մեկն իր գործով զբաղվի: Կան պետական մարմիններ այս դեպքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ աշխատում են մասնագետներ, որոնք փորձում են ֆինանսավորել առաջին հերթին տաղանդավոր մարդկանց, այլ ոչ թե թեմաները, հնարած կերպարները: Սա ձևական բնույթ է կրում, ու ես չգիտեմ, թե ինչ կլինի, եթե խառնվի պետությունը»,-շեշտեց Բաբայանը:
Արձակագիր, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին նշեց՝ այնպիսի սուպերհերոսները, ինչպիսիք են օրինակ՝ Սարդ մարդը, մտել են բոլորիս տներ: «Եթե նման հերոսի ազգային տեղայնացումը լինելու է մի խայտառակ գավառական պատճենում, ավելի լավ է՝ չլինի, եթե գտնելու ենք ինչ-որ բան, որն իսկապես հետաքրքիր է և կարող է միջազգայնացվել, ինչու ոչ»,-ասաց նա:
Հայաստանցին շեշտեց, որ կան մի խումբ ազգային հերոսներ, որոնց մի մասը դեռ ապրում է, և նրանք հիմնականում զինվորականներ են, մարդիկ, որոնցից շատերի անունները երիտասարդները չգիտեն: «Ազգային հերոսները ոչ միայն չեն հայտնվում ֆիլմերում, այլև չկան նաև ազգային արժույթի վրա: Ազգային հերոսների շուրջ ինչ-որ արհեստական բան է ստեղծված՝ պանթեոնացումը, պրոպոգանդիստական սերիալները և այլն, այնինչ պետք է հասկանալ, թե որպես պետություն ինչպես ենք պատկերացնում ազգային հերոսների հարցը»-նշեց արձակագիրը:
ՀՀ ազգային ժողովի հունվարի 21-ին կայացած նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել էր հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ նկարահանելու մասին՝ նշելով, որ մենք չենք ունեցել դրական հերոսներ, և մեզ պետք են հերոսներ, դրական հերոսներ:
Հակոբյանն ասել էր, որ կա արդեն նկարահանված ֆիլմ, ուղղակի հետարտադրական փուլում է: «Այն սուպերհերոսի մասին է. եթե չեմ սխալվում, կոչվելու է «Վիշապ»: Ես կխնդրեմ մեր հեռուստաընկերություններին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, որ մեզ նվիրեն հերոսներ, իրական հերոսներ, որոնք կգործեն սխրանքներ, այլ ոչ թե երկար տարիներ հրամցնեն այնպիսի կերպարներ, որ ունենանք այն հասարակությունը, ինչ ունեցել ենք երկար տարիներ»,-շեշտել է պատգամավորը:
Կարծիքներ