Հայկ Կոնջորյանի շնորհավորանքը աշակերտներին

Հայկ Կոնջորյանի շնորհավորանքը աշակերտներին

16 տարի առաջ՝ այս օրը, հենց այս լսարանում, պատմական Հայաստանի այս հսկա քարտեզի առջև, ես նստեցի ուսանողական նստարանին: Սկսեցինք նախնադարից, անցանք Ուրարտուով, մեծացանք Տիգրան Մեծով, հետո փոքրացանք, փոքրացանք․․․ Բայց չնայած փոքր էինք, մեզանում էլ արվեցին Մեծ գործեր` գրեց Խորենացին, իսկ հին հույների մասին ասացին` նրանք փոքր էին, մեծի իմաստությամբ: Այդ ժամանակներից` ինձ համար փոքրն ու մեծը կորցրին իրենց ֆիզիկական նշանակությունը:
Անցան ժամանակները, եկան հեղափոխությունները, արքաներն ընկան, քաղաքացին կանգնեց` ազատություն, հավասարություն, եղբայրություն... Շատ բան սովորեցի, ունեցա արտակարգ լավ դասախոսներ, իմացա` ինչպիսի մասնագետ լինել և ինչպիսին չլինել, իմացա` ինչպիսի մարդ լինել և ինչպիսին չլինել, ոմանք ծառայեցին որպես օրինակ, ոմանք էլ` որպես խրատ, բայց բոլորը սովորեցրին՝ կամա, թե ակամա:
Հետո եկավ Կանտը ու ասաց` հանդգնի՛ր գիտենալ, ունեցիր համարձակություն օգտվելու սեփական խելքիցդ: Ու ես մի կողմից սովորում էի, մյուս կողմից` հանդգնում, և այդպես` մինչև հիմա: Սա երևի իմ ուսանողության տարիների գլխավոր դասն էր` մի կողմից սովորել, մյուս կողմից` հանդգնել։ Հանդգնել գնալ սեփական երազանքների հետևից, որովհետև, ինչպես ասում են` կյանքի մայրամուտին ավելի շատ ափսոսալու եք ոչ թե նրա համար, ինչ արեցիք, այլ նրա համար` ինչ չարեցիք:
Այսօր գիտելիքի օրն է։ Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, ջերմագին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենակարևորը` սովորեք և հանդգնեք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում