Ֆաթիմա Զուրաբովան դեռ հոկտեմբերին է «Կանանց աջակցման կենտրոն»-ին նամակ գրել

Ֆաթիմա Զուրաբովան դեռ հոկտեմբերին է «Կանանց աջակցման կենտրոն»-ին նամակ գրել

Մի քանի օր է՝ հայկական մեդիադաշտում մեծ հնչողություն է ստացել Ինգուշեթիայից Հայաստան հասած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հետ կապված պատմությունը։ Ըստ տեղեկությունների՝ ընտանեկան բռնությունից փախած երիտասարդ աղջիկն այստեղ ապաստարան է փնտրել, սակայն՝ հայտնվել ոստիկանությունում, քանի որ ընտանիքը նրա անհետ կորելու մասին նոյեմբերի 10-ին հաղորդում է ներկայացրել։

Այնուհետև անհետ կորած ու գտնված Ֆաթիմայի վերաբերյալ տարատեսակ խոսակցություններ շրջանառվեցին․ ռուս իրավապաշտպաններն ու ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունը հայտարարեցին, թե Հայաստանում Ֆաթիման պատշաճ տեղեկատվություն չի ստացել իր իրավունքների իրացման մասով, ավելին՝ ճնշումների է ենթարկվել ոստիկանությունում, ոստիկանների միջնորդությամբ հանդիպել բռնարարներից մեկի՝ հորեղբոր և հորեղբոր ընկերոջ հետ։

Պարզվում է, սակայն, որ նա «Կանանց աջակցման կենտրոն»-ի հետ ավելի վաղ է կապ հաստատած եղել: Բանն այն է, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության, աղջիկը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին, իսկ Զուրաբովան դեռ հոկտեմբերի 26-ին է կենտրոնի թեժ գծին «Վայբեր»-ի միջոցով նամակագրություն ուղարկել և ասել, որ օդանավակայանում է, բռնությունից է փախել, իրեն օգնություն է պետք։

Կազմակերպության մամուլի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ իրենց զրույցից մի քանի ժամ անց էլ Ֆաթիման գրել է, որ գտնվում է Միգրացիոն ծառայությունում, իրեն առաջարկվել է ապաստարան, և այդ պահին ապահով է եղել։ Օրեր անց, սակայն, իրավիճակը փոխվել է։

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում տարվա ընթացքում 1000 և ավելի կանանց՝ նրանց երեխաների հետ միասին, բայց մինչ այս պահը որևէ աղմուկ չենք բարձրացրել, որովհետև նման անձինք խոցելի են։ Մենք նրա համար մշակել էինք ապահով ծրագիր. միգրանտ անձանց համար գոյություն ունեն կոնկրետ աջակցության ընթացակարգեր։ Աղջիկը մեզ գրել էր, որ գնացել է Միգրացիայի ծառայություն, դիմում գրել, և իրեն ապաստան են տրամադրել։ Այդքանով մենք արդեն հանգիստ էինք, սակայն մեզ անհայտ անձանց միջոցով նա հետո բնակություն է հաստատում վարձակալվող բնակարանում, որից հետո ծնողներն արդեն ահազանգում են ոստիկանություն ու փնտրում դստերը։ Այսինքն՝ եթե նա մնար ապաստարանում, ապա հետախուզում չէր հայտարարվի»,- ասում է Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նաև նկատում է՝ եթե անձը հստակ դիմել է ճիշտ քայլերի, ապա այն երկիրը, որտեղ նա դիմել է, պարտավորվում է չարտահանձնել բռնության ենթարկված անձին։ Այս պարագայում աղջկան գուցե սխալ ուղղորդումներ են տվել, որի հետևանքով էլ նա հայտնվել է նման կարգավիճակում․ «Եթե անձը նշում է, որ իր ապրած երկրում ինքը վտանգի տակ է, ընտանեկան բռնությունը հստակ պատճառ է ապաստան տրամադրելու համար։ Նրա տեսանյութերը, ձայնագրությունները տարածել են այն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց հետո նա դիմել է»։

Իրավապաշտպանը արձագանքում է նաև այն մեղադրանքներին, թե ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է աղջկանից հաղորդում վերցնել բռնության վերաբերյալ։ Ըստ նրա՝ այստեղ որևէ խնդիր չկա, ոստիկանությունը այսպես, թե այնպես չէր կարող դա անել, որովհետև մեզ մոտ հստակ ընթացակարգ կա․ «Հաղորդումը ստանալուց հետո իրավապահները լսում են տուժողին, հետո՝ բռնարարին։ Հիմա եթե իրեն բռնության ենթարկած անձինք Հայաստանում չեն, ապա նման դեպքում հաղորդումը անապացուցելի է համարվում։ Չեմ ուզում լիազորություններ վերապահել ինձ, բայց ՀՀ իրավապահները պետք է պարզեն՝ կա՞ր Հայաստանին վնասելու փորձ, միջազգային վարկանիշին հարվածելու միտում։ Չնայած որ նրանք վնասել են աղջկան»։

Ինչ վերաբերում է նրան, թե ոստիկանության միջոցով աղջկա բռնարար հորեղբայրը տեսակցել է նրան ու սպառնալիքներ հնչեցրել, իրավապաշտպանը սա մեկնաբանում է այսպես․ «Եթե անձը ապաստարանում է, ասում են՝ ձեր հարազատը չի ցանկանում ձեզ հետ հանդիպել, ձեր երկրում ապահով չի զգում իրեն, հանդիպում կազմակերպելու լիազորություն չունի ոստիկանությունը։ Այլ հարց է, թե արդյոք հանդիպումը ցանկացել է աղջի՞կը, հետո սպառնալիքներ հնչելուց հետո է փոշմանել, որ համաձայնվել է հանդիպման։ Մենք նման պրակտիկա չենք ունեցել դեռ, որ տուժողը հանդիպի բռնարարի հետ»։

Անդրադառնալով աղջկա՝ այլ երկրի գործակալ լինելու մասին լուրերին՝ վերջինս կրկին նշում է, որ այդ հարցը պետք է պարզեն իրավապահ մարմինները․ ո՞ւմ միջոցով է աղջիկը տուն վարձել, ովքե՞ր են այդ կազմակերպության ներկայացուցիչները և այլն:

Ըստ ռուսական իրավապաշտպանների՝ Զուրաբովան տունն ու հայրենիքը թողել է, քանի որ վեց տարի շարունակ պարբերաբար ծեծի է ենթարկվել ընտանիքի անդամների կողմից՝ իր խոսքով՝ իբր «անհարիր» պահվածքի, բավականաչափ հավատացյալ չլինելու, ընտանիքի անդամների հետ անհամաձայնության կամ նրանց չենթարկվելու, կամքին հակառակ ամուսնացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում