Քաղաքացիներն ինքնաձիգներ, ատրճանակներ և ռազմամթերք են կամավոր հանձնել ոստիկանության բաժիններում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվորեն շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Թալինում բնակվող մի տղամարդ հանձնել է ատրճանակ ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտ։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մեկ այլ ստորաբաժանման՝ Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ 36-ամյա մի տղամարդ հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հրազդանում բնակվող մի տղամարդ հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հրացաններ, նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր հրազենների և տրամաչափի տասնյակ փամփուշտ ոստիկանության բաժին են հանձնել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։
Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում հանձնել է հանգուցյալ ազգականին պատկանած առանց գործարանային համարի ինքնաձիգը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի տասնյակ փամփուշտներ։
Առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ոստիկանության Ախուրյանի բաժնում հանձնել է Ախուրյան գյուղի բնակիչներից մեկը։
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հանձնել է ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու 200-ից ավելի 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզի երկու բնակիչ կամավոր հանձնել են հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող երեք անձ ոստիկանության հիշյալ ստորաբաժանումներ են բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ