Ռուսաստանն ու Պակիստանը սպառազինությունների մատակարարման պայմանագրեր են ստորագրել
Ռուսաստանը և Պակիստանը հակատանկային համալիրների, ՀՕՊ միջոցների և հրաձգային զենքի մատակարարման պայմանագրեր են ստորագրել, հայտարարել է Պակիստանի բանակի շտաբի պետ գեներալ Կամար Ջավեդ Բաջվան:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Aman-2021 միջազգային ռազմածովային զորավարժությունների շրջանակներում, որոնք ավարտվել են երեքշաբթի օրը Պակիստանում:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել:
Գլխավոր շտաբի պետը հիշեցրել է, որ վերջին տարիներին Պակիստանը Ռուսաստանից ձեռք է բերել Մի-35 ռազմական ուղղաթիռներ:
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտնել էր, որ երկիրը հետաքրքրվում է Ռուսաստանից սպառազինության ձեռքբերմամբ, իսկ պակիստանցի զինվորականներն արդեն կապի մեջ են ռուս գործընկերների հետ այդ հարցի շուրջ:
Ռուսաստանն ու Պակիստանը 2014-ի նոյեմբերին պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս պահին Մոսկվան պակիստանյան կողմին է մատակարարել Մի-35 հարվածային ուղղաթիռների խմբաքանակ։
2017-ին Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին ռուսական Տ-90 տանկերի, էլեկտրոնային սարքավորումների, ՀՕՊ համակարգերի գնման հարցում շահագրգռվածության մասին:
Կարծիքներ