Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 10-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
Նախագծով առաջարկվում է պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց համար:
Նախատեսվում է դրույթ, որի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը: Օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա։
Կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ. կատարման ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը:
Ընդգծվել է, որ առաջարկվող կարգավորումից կարող են օգտվել այն անձինք, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ հուլիսի 11-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի ընթացքում՝ հատուկ ընթացակարգով:
Կարծիքներ