Սննդաբանն ասել է նախաճաշի լավագույն ժամը
Ո՞ր ժամին է հարկավոր նախաճաշել առավելագույն օգուտ ստանալու համար և ի՞նչ վտանգներ է պարունակում առավոտյան նախաճաշից հրաժարվելը։ Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Անդրեյ Բոբրովսկին, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Ըստ բժիշկի՝ ավանդաբար համարվում է, որ նախաճաշել հարկավոր է արթնանալուց հետո 1,5 ժամվա ընթացքում։
«Նախաճաշը մարդուն պետք է տա էներգիա շարժվելու, ուղեղի գործունեության համար, որպեսզի անցնի քնկոտությունը։ Դրա համար ոչ միայն նախատեսված է ցնցուղ ընդունելը, այլև նապաճաշը։ Անկողնում թեթև նախաճաշելը նույնպես ոչ մի վնաս չի տա, եթե դա շատ հագեցած նախաճաշ չէ՝ առաջին, երկրորդ, երրորդ ճաշատեսակներով, աղանդերով», – պարզաբանել է Բոբրովսկին։
Սննդաբանի խոսքով՝ պետք է փորձել սնունդն ընդունել մոտավորապես նույն ժամին, մի քանի րոպեի, նույնիսկ կես ժամվա տարբերությունն առանձնապես մեծ դեր չի խաղա։ Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին կարելի է շեղվել կանոններից, կարևորն այն է, որ շաբաթվա մյուս օրերին գրաֆիկը պահպանվի։
«Երբ սննդի ընդունումը տեղի է ունենում միևնույն ժամին, այդ ժամին հարմարվում են մարսողական համակարգը, նյարդային համակարգը։ Նույն ժամին ուտելը մարդուն թույլ է տալիս կշտանալ սննդի բավարար քանակից», – ասել է Բոբրովսկին։
Սննդաբանը նշել է, որ առավոտյան ուտելու ցանկություն չունենալը կարող է վկայել սննդային վարքի խանգարման մասին։ Նման դեպքերում, երբ առավոտը սկսվում է առանց նախաճաշի, մարդը շատ է ուտում երեկոյան և գիշերը։ Բոբրովսկին ասում է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց 30-40 տոկոսի մոտ խախտված է սննդային վարքը, ուստի հարկավոր է, թեկուզ չցանկանալով, նախաճաշել։
Բժիշկը նաև նշել է, որ եթե մարդը չունի ավելորդ քաշ և սննդային վարքի այլ խանգարումներ, ապա օրն առանց առավոտյան սննդի սկսելն ընդունելի է, եթե որոշ հանգամանքներից ելնելով՝ նման ռեժիմ է ձևավորվել։
Կարծիքներ