1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիներն իրենց «Այո»-ն ասացին անկախությանը

31 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով երկրի հետագա զարգացման ու կայացման միակ ճիշտ ուղի:
1991 թվականի հենց այս օրը ՀՀ քաղաքացիներն իրենց «Այո»-ն ասացին անկախությանը: Հանրաքվեն անցկացվեց Խորհրդային միության ընտրական օրենսգրքով: Դրան մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցեց 2 միլիոն 56 հազար 792-ը: Անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 42 հազար 617 հոգի՝ ընտրողների 99,5%-ը: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:
Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ՀՀ կառավարությունն այս տարի հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը:
Կարծիքներ