Բուժակի դեմքին մոխրամանով հարվածած անձը ձերբակալվել է. տուժողը գանգուղեղային վնասվածք է ստացել

Փետրվարի 21-ին՝ ժամը 06:40-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:
Կարծիքներ