Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում:
Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված գործնական խնդիրները: Արդյունքում՝ լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել ՀՀ սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:
Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել մեր երկրի սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այդպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից ելույթում նշել է, որ փաթեթը մշակվել է ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա: Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
Կարծիքներ