Չեմ կարող հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակողը կարող է որևէ մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարող հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակողը կարող է որևէ մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։

Վարչապետն իր խոսքում գոհունակություն է հայտնել այսօրվա իրադարձության առիթով և ընդգծել, որ մայրաքաղաքում շատ արժանի տեղում է կանգնվել Կարեն Դեմիրճյանի արձանը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն է։

«Գիտեք, որ ի սկզբանե նախատեսված էր կամ կար միտք, որ այդ արձանը պետք է տեղադրվի Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայի հատվածում: Անկեղծ ասած, ինձ դուր չէր գալիս այդ տեղը, որովհետև մի տեսակ նեղվածք և նեղվածություն էի զգում այդ կապակցությամբ, որովհետև զգում էի, որ այդ տեղն ինչպես էլ ստեղծենք` Կարեն Դեմիրճյանի մասշտաբն ի ցույց դնելու, ի վիճակի չենք։ Բայց այս միտքն էլ բարձր չէի արտահայտում` մտածելով, թե դա ինչպես կտանեն Դեմիրճյան ընտանիքի մեր հարգարժան անդամները և առանձնահատուկ տիկին Ռիման։

Հիշում եմ մի օր` ինձ համար հաճելի անակնկալ էր, որ տիկին Ռիման մի խոսակցության մեջ ասաց՝ մտածում է, որ արձանը ճիշտ չէ այդ տեղում դնելը։ Ինքն էլ մոտավորապես նույն կերպ փաստարկներ բերեց։ Ես չեմ հիշում, թե ինչպես և ում մոտ հղացավ այդ միտքը, որ Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է տեղադրվի Մարզահամերգային համալիրի դիմաց, բայց նաև այն պատճառով չեմ հիշում, որովհետև մտքի արտահայտման առաջին պահից դրա շուրջ ձևավորվեց կոնսենսուս։

Ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք, ափսոսանքն այն է, որ տիկին Ռիման այսօրվա մեր իրադարձությանը ներկա չէ, որովհետև գիտեմ, թե ինչպիսի խանդաղատանքով, սպասումով էր վերաբերվում այս իրադարձությանը։ Եվ ուզում եմ հավատալ, որ նա Կարեն Դեմիրճյանի հետ այս պահին ներկա է:

Հարգելիներս, ես ծնվել եմ 1975 թվականին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, որի ղեկավարությունը ստանձնել էր արդեն Կարեն Դեմիրճյանը։ Ես մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի տիկին Ռիմա Դեմիրճյանի գիրքն իրենց համատեղ կյանքի մասին։ Շատ խոսվեց Կարեն Դեմիրճյանի դերի մասին Հայաստանի զարգացման գործում, բայց այդտեղ կա մի շատ կարևոր նրբություն, որն ուզում եմ հիշատակել, որը տիկին Դեմիրճյանի գրքում ներկայացված է շատ դիպուկ։

Այն, որ Կարեն Դեմիրճյանի կառավարման, Հայաստանի ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից նրա գաղափարը և միտքը եղել է Հայաստանի ինդուստրիալիզացիան։ Նրա գաղափարն այն էր, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանն ագրարային կարգի երկրից վերածվի արդյունաբերական երկրի։

Եթե մենք ուզում ենք խորությամբ հասկանալ Կարեն Դեմիրճյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում` հենց սա պիտի նկատի ունենանք, որովհետև նաև պիտի հաշվի առնենք, որ արդյունաբերականությունն անհնար կլիներ առանց կրթության ոլորտում մեծ ներդրումների բարեփոխումների»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ անկախությունից հետո շատ ավելի քիչ բան է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, քան անկախությունից առաջ՝ Կարեն Դեմիրճյանի օրոք։

«Եվ սա խնդիր է։ Ես ուզում եմ, որ մենք այս խնդիրը լուրջ հետազոտենք։ Դա լավ և ճիշտ չէ, բայց պետք է դրա խորը պատճառները հասկանալ։ Ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դժբախտությունների` այսօր կարողանում ենք Հանրապետությունում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը, որը, իհարկե, նաև մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ընդհանրապես, եթե ուզում ենք Հայաստանի ժամանակակից պատմության խորհրդանիշների մասին հիշել, մտքում երկու շենք է գալիս՝ մեկը Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն է, երկրորդը՝ Մարզահամերգային համալիրի։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դա ցույց է տալիս մի ամբողջ դարաշրջան՝ ժողովրդի զարգացման, կյանքի, բարեկեցության, որը սկսել է աղքատությունից, չքավորությունից, և ի վերջո հասել է կետի, երբ երկիրը կարող է ունենալ Մարզահամերգային համալիրի նման մի կառույց։

«Չեմ կարող չընդգծել իմ անձնական առնչությունները Կարեն Դեմիրճյանի հետ։ Մի անգամ ես 1996 թվականին իրեն ասացի, և ինքն արձագանքեց իրեն հատուկ վարակիչ ծիծաղով: Այդ ժամանակ 20-21 տարեկան էի, ասացի` պարոն Դեմիրճյան, մենք տարիներ առաջ ենք իրար հետ ծանոթացել։ Զարմացավ, ասաց` ո՞նց։ Ասացի` Դուք Իջևան էիք եկել, ես դպրոցական էի, այն երեխաների խմբում էի և անձամբ ձեզ ծաղիկ եմ նվիրել Իջևանի թանգարանի դիմաց։ Ծիծաղեց։ Եվ նրա հետ առնչվել եմ նաև որպես լրագրող: Շատ հետաքրքիր էր նույն մարդուն տեսնել և հետազոտել տարբեր կողմերից՝ որպես աշակերտ, քաղաքացի և լրագրող, որը նաև առիթ է ունեցել անձնական շփումներ ունենալ։

Ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր հանգամանք։ Այո, Կարեն Դեմիրճյանը մինչև այսօր և շատ երկար սիրված է մեր ժողովրդի շրջանում։ Այդպիսի մարզային այց չենք ունեցել, որտեղ ինչ-որ առիթով, բայց սիրով Կարեն Դեմիրճյանի անունը չհնչի: Ես չեմ հիշում այդպիսի բան։ Ուզում եմ ընդգծել հետևյալը` Կարեն Դեմիրճյանը մինչև Ազգային ժողովի նախագահ դառնալը, ես իր ղեկավարության շրջանը նկատի ունեմ, Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Խորհրդային միությունը մի ամբողջ առավելություններով, թերություններով, պրոբլեմներով էր, բայց ուզում եմ ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանում և խորհրդային տարիներին երբեք ու երբեք բռնակալ չի եղել: Եվ սա է նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել նրա իմացությունը և վերաբերմունքը մշակույթի, գիտության, կրթության նկատմամբ։ Նա ոչ միայն պատմում էր, այլև իր վերաբերմունքն էր շարադրում գիտության, կրթության, մշակույթի նկատմամբ, վերաբերմունքը պետության զարգացման կոնտեքստում։ Եվ դա շատ ուսանելի մոտեցում էր։ Նա գիտեր գրականություն, գիտեր երաժշտություն։ Ինքն ինձ պատմում էր դրվագներ, թե Երևանի, կամ Հայաստանի այս կամ այն քանդակի վերաբերյալ ինչ քննարկումներ է ունեցել քանդակագործների հետ։ Զարմանում էի ուղղակի։

Եվ ուզում եմ հատուկ ընդգծել Կարեն Դեմիրճյանի անձնահատուկ վերաբերմունքն իր ընտանիքի նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպիսի խանդաղատանքով էր խոսում իր թոռնիկների մասին։ Իր սերնդի մարդկանց մոտ ընդունված չէր ընդհանրապես զգացմունքներն արտահայտել, բայց նա կարողանում էր զգացմունքներն արտահայտել այնպես, որ լինի ընդունված կանոնի համապատասխան, բայց մյուս կողմից էլ՝ իրապես անկեղծ, սրտառուչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է նաև Կարեն Դեմիրճյանի և Դեմիրճյան ընտանիքի զսպվածությունը որպես բարձրաստիճան մարդիկ, և Խորհրդային Միության ժամանակներում, և Հայաստանի երրորդ Հանրապետությունում բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ. «Սա շատ կարևոր ընդգծում է։ Հիշում եմ, ավագ սերնդի ներկայացուցիչները տարբեր առիթներով շատ են ասել դրա մասին, թե ինչպիսին են եղել Դեմիրճյանի որդիներն այն տարիներին, երբ Դեմիրճյանը եղել է Հայաստանի Հանրապետության ղեկավար»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ի հեճուկս 1988 թվականից հետո առաջացած բոլոր բարդություններին, վայրիվերումներին՝ 1999-ին հայ ժողովուրդն իր գնահատանքի, շնորհակալության, աջակցության խոսքն է ասել Կարեն Դեմիրճյանին:

«Իհարկե, նաև 1998 թվականին։ Այս էլ է պետք արձանագրել և պետք չէ վարանել, ասել, որ այո, ցավոք, այդ ժամանակ ընտրությունների արդյունքներն ամենակոպիտ կերպով կեղծվեցին, բայց նաև 1999-ին ի վերջ ճշմարտությունը հաղթեց, վերահաստատվեց։

Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա` կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջրից խմած, կամ նրանից սնուցվող որևէ մեկի մտքով կարող էր անցնել կազմակերպել Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սպանությունը:

Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մենք անընդհատ ասում ենք, այստեղ տիկին Գլխավոր դատախազն է ներկա և շատերն են նրանից, մեզնից ակնկալում, որ ի վերջո այս հարցը կպարզվի և կպարզաբանվի։ Հասկանում եմ, թե դա ինչքան դժվար է, որովհետև շատ հայտնի գործերի վերանայման ընթացքում տեսնում ենք այնպիսի երևույթ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապացուցները կեղծվել են։ Ամենաթարմ օրինակը՝ Մարտի 1-ի դեպքերը, երբ տեսնում ենք, որ տեղում կրակված պարկուճները հավաքվել, ոչնչացվել են, հետո զորադաշտում կրակված պարկուճները լցրել են որպես ապացույց ու տարել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ ծավալի ապացույցներ են կորսվել, բայց ես կարծում եմ, որ հայ ժողովրդի ցանկությունն ու ուղերձն է, և այդ թվում իմ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ շատ լավ կլինի և շատ մեծ պատիվ կբերի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի իրավապահ համակարգին, երբ կարողանանք հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին աներկբա տալ կոնկրետ պատասխաններ՝ ինչու և ինչպես դա տեղի ունեցավ և ովքեր են դրա մեղավորները։

Դեմիրճյան ընտանիքի հարգելի անդամներ, ինձ համար մեծ պատիվ է կիսել ձեզ հետ այս օրը և առիթ ունենալ խոսելու Կարեն Դեմիրճյանի արձանի առջև կանգնած։

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Այնուհետև վարչապետը և ներկաները ծաղիկներ են խոնարհել Կարեն Դեմիրճյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում