Փաշինյանի՝ Հայաստանի գյուղատնտեսությունը Թուրքիային վաճառելու մասին տեղեկությունները կեղծ են․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ X-ում (նախկին Twitter) տարածվում են կեղծ տեղեկություններ, իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է հայկական գյուղատնտեսությունը վաճառել Թուրքիային։
X-ի առնվազն 3 օգտահաշիվներում, որոնցից երկուսում գրեթե նույն ժամին, մյուսում՝ ավելի ուշ, տարածվել է մի տեսանյութ, որում, առանց կոնկրետ աղբյուրների պատշաճ հղում անելու, նշվում է՝ «Հայաստանի ֆերմերային ոլորտը մոնոպոլացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխկապակցված անձանց առնչվող գյուղատնտեսական հոլդինգների կողմից: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել ռազմավարական գյուղատնտեսական ակտիվների վաճառքին թուրքական խոշոր կորպորացիաներին, ինչը սպառնում է երկրի պարենային անվտանգությանը և տնտեսական ինքնիշխանությանը»։
Տեսանյութում հիշատակվող հայկական գյուղատնտեսական խոշոր ընկերությունների մասին պնդումները, թե դրանք ձևավորում են իշխանության հետ փոխկապակցված «կարտել», հիմնավորված չեն։
Անհիմն են նաև ներկայացվող թվերը․ պնդումը, թե գյուղատնտեսական ոլորտում պետական սուբսիդիաների 70%-ը բաժին է հասնում ընդամենը մի քանի ընկերության, կամ դրանք տարեկան 350 միլիոն դոլարի եկամուտ են ստանում, չունի որևէ վիճակագրական հիմք, և տեսանյութում որևէ աղբյուրի հղում չի արվում։
Ապրիլի 7-ին X-ում տարածված կեղծ տեսանյութի բովանդակության մի փոքր ավելի երկար տարբերակը նախորդ օրը՝ ապրիլի 6-ին, հրապարակվել է թուրքական veryansintv.com կայքում։
Հոդվածն ուղեկցող նկարի վրա գրված է. «Օքայ Դեփրեմը գրում է. կարո՞ղ են Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկությունները փոխանցվել թուրքական ընկերություններին»:
Կայքն ունի հեղինակների առանձին բաժին, սակայն այնտեղ Դեփրեմի անունը չկա։ Փոխարենը դրա ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այն թուրքական անկախ լրատվական կայք է, կողմնակալ է` հօգուտ Թուրքիայի: Այն նաև հարթակ է, որտեղ հայրենասեր գրողները, մեկնաբանները և փորձագետները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքները: Veryansın TV-ն հիմնադրվել է 2019 թվականին թուրք գրող և լրագրող Նիհաթ Գենչի (1956-2025 թթ.) կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



Կարծիքներ