Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս պետություն կա. Սևան Նիշանյան
Այսօր Սիրոսի վարչական դատարանի որոշմամբ ազատ արձակված պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին՝ իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: Նիշանյանը մասնավորապես գրել է.
«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանն անհավատալի ջանքեր գործադրեցին ինձ փրկելու համար: Նա աշխատում էր օր ու գիշեր, ոչ մի րոպե մենակ չէր թողնում։
Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս պետություն կա՝ առանց որևէ պայմանի և առանց վարանելու։ Բոլորովին այլ զգացողություն է: Լավ էր, չգիտեի։
Դատարանը որոշեց իմ կալանքը կարճել։ Երևի պետք է կարճ ժամանակով լքեմ երկիրը և, հնարավոր է, ապրեմ Հայաստանում, կամ՝ միգուցե այլ վայրում։
Լավ կլիներ, որ հաջողվեր ու բացեինք Թուրքիայի դուռը։ Բայց, ցավոք, սա մեր հիմնական խնդիրը չէ, և դա տխուր է»։
Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը 2014 թվականից բանտում էր և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, փախուստի էր դիմել: Նա 2017 թվականի հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունն իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:
Նիշանյանը ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։
Կարծիքներ