ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու Շրի Լանկայի միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կողմերի միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին՝ առանձնակի կարևորելով միջբուհական համագործակցությունը.
«Հատկապես բժշկության և տնտեսագիտության ոլորտներում մենք արդեն իսկ ունենք համագործակցության փորձ: Շատ կարևոր փաստ է, որ Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ճանաչում է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Բացի դրանից՝ կա համագործակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Շրի Լանկայի Հարավարևելյան համալսարանի միջև: Եղած համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել և զարգացնել՝ համատեղ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում»:
Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Կարևորելով փոխշահավետ ծրագրերի իրականացումը՝ դեսպանը նկատել է, որ կրթական ոլորտում համագործակցությունը կարող է ներառել ուսանողների և հետազոտողների համար ամառային դպրոցները, փոխանակման ծրագրերը: Միգահալանդ Դուրաջ Լամավանսան անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանը բազմադարյա և հարուստ մշակույթ ունի, ուստի հետաքրքիր կլինի փոխգործակցությունն այդ ոլորտում ևս: Դեսպանը նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման հայկական բացառիկ փորձով:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դրական արձագանքելով հնչած առաջարկներին, հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի:
Կարծիքներ