Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:
Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով (Արարատ, Զանգվի ձոր…) ներշնչված գրեց իր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց Երևանի առաջին սիմֆոնիկ նվագախմբին:
Մրցույթի նպատակը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու հնարավորությունն է:
Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերի անվանումները։ Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։ Մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար։
Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարում: Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl):
Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։ Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող /Architectural photography/ կամ փողոցային պատկերներ /Street photography /:
Քվեարկության արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:
Առավելություն կտրվի երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին: Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»:
Լուսանկարները պետք է ուղարկել փետրվարի 15-ից մինչև ապրիլի 1-ը
Ժյուրիի կազմում են Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և կինոռեժիսոր Արազ Արթինեանը:
Կարծիքներ