Ավելի քան 40 երկիր պարտավորվել է անցնել կայուն գյուղատնտեսության
Մեծ Բրիտանիան և 44 այլ երկրներ պարտավորվել են պաշտպանել բնությունը և անցնել կայուն գյուղատնտեսության: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գլազգոյում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի կազմակերպիչների շաբաթ օրը տարածած պաշտոնական հաղորդագրությունում։
«Մենք կորցնում ենք անտառները, ոչնչացնում ենք հողը և արագորեն ոչնչացնում ենք այլ էկոհամակարգեր, որոնք կարևոր են ածխաթթու գազի կլանման և մոլորակի սառեցման համար: Ֆերմերները նույնպես մեծ ճնշման տակ են, քանի որ կլիմայի փոփոխությունն ազդում է նրանց արտադրողականության վրա: Անհրաժեշտ է կիրառել կայուն մեխանիզմներ։
Երկրները մտադիր են հետամուտ լինել գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխմանը օրենսդրական փոփոխությունների, հետազոտական նախագծերում ներդրումների և նորարարությունների միջոցով, որոնք նպատակ ունեն նվազեցնել արտանետումները և պաշտպանել շրջակա միջավայրը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան, որը կանգնած է նախաձեռնության հետևում, կտրամադրի 500 միլիոն ֆունտ ստերլինգ (675 միլիոն դոլար)՝ հինգ միլիոն հեկտար անտառներ անտառահատումից պաշտպանելու համար:
COP26-ը տեղի է ունենում Գլազգոյում հոկտեմբերի 31-ից և ավարտվում նոյեմբերի 12-ին: Աշխատանքներին մասնակցում են գրեթե 200 երկրների պատվիրակություններ։ Շոտլանդիայի ամենամեծ քաղաքում կոնվենցիայի կողմերը, նախորդ տարիներին մի քանի անհաջող փորձերից հետո, կրկին փորձում են համաձայնության գալ կլիմայական փարիզյան համաձայնագրի իրականացման կանոնների շուրջ։ Բացի այդ, համաժողովի մասնակիցները քննարկում են կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ծրագրեր, որոնք այլևս հնարավոր չէ կանխել: Արդյունքում ակնկալվում է COP26 փաստաթղթերի հրապարակում։
Կարծիքներ