Տավուշի մարզում ներկայացվում է «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը
Oգոստոսի 8-ին` ժամը 13:00-ին, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը:
Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության շրջանակում Տավուշի մարզի հանրությանն է ներկայացնում իր հավաքածուի ընտրանիներից մեկը: Կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ, որոնք 2005 թ. թանգարանին են նվիրել Սամարա մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շչեգլովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում:
Ս. Շչեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: Ցուցադրության հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին–XX դարասկզբին: Ստալինյան ժամանակներում պաշտամունքային հուշարձաններից շատերը ոչնչացվել էին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը: Ս. Շչեգլովի օֆորտները աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:
Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Ստանիսլավ Լեոնիդովիչ Շչեգլովը ծնվել է 1936 թ. Կույբիշև (ներկայիս Սամարա) քաղաքում: Նա ճանաչված գծանկարիչ է, օֆորտի և լինոփորագրության վարպետ: Ս. Շչեգլովը սովորել է Ա. Լյուբիմովի գեղարվեստական ստուդիայում, 1957 թ. ավարտել է Պենզայի գեղարվեստական ուսումնարանը: 1973 թվականից հանդիսացել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1977-ից՝ Կույբիշևի արտադրաստեղծագործական կոմբինատի գլխավոր նկարիչ, այնուհետև՝ տնօրեն: 1985-1991 թթ. եղել է Ռուսաստանի նկարիչների միության Կույբիշևի մասնաճյուղի վարչության նախագահը: 1960 թվականից Ս. Շչեգլովը մասնակցել է ռուսաստանյան և արտերկրյա ցուցահանդեսների: Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Նկարչի ստեղծագործության գլխավոր թեմաներն են մերձվոլգյան բնապատկերները, Սամարայի հիշարժան վայրերը, պատմամշակութային բնանկարը: Արվեստագետին մեծ ճանաչում է բերել «Հին Սամարա» փորագրությունների շարքը (1980-ական թթ.): Անցած տասնամյակի ընթացքում Ս. Շչեգլովը նաև կատարել է եկեղեցական մոնումենտալ նկարազարդումներ:
Կարծիքներ