Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը
Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարել է, որ «Առողջապահության նախարարությունն է հիմնականում այս նախագծերի շուրջ աշխատում, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, վարչապետի աշխատակազմի հետ»։
Նա ժամկետներ չի կարողացել հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։
«Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։
Հավելենք, որ արտակարգ դրությունն ավարտվում է օգոստոսի 12-ին, ներառյալ ժամը 17:00-ն։ Համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ին, և ամեն ամիս այն երկարաձգվել է։
Կարծիքներ