ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով.ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված ԵՄ սահմանափակումը: Այսուհետ Եվրամիության երկրները ռուսական նավթի մեկ բարելի դիմաց կվճարեն 60 դոլարից ոչ ավելի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չնայած Լեհաստանը պնդում էր ավելի ցածր շեմ սահմանել, այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է համաձայնության հասնել:
Մեծ Յոթնյակի երկրները և Ավստրալիան, հետևելով ԵՄ երկրներին, համաձայնեցրել են ռուսական նավթի մեկ բարելի դիմաց նույն վերին շեմը՝ 60 դոլարը: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ տվյալ սահմանափակումը բավական է, որպեսզի Ռուսաստանը շարունակի մատակարարումները համաշխարհային շուկա:
Ճապոնիան, միանալով այս որոշմանը, միևնույն ժամանակ նշել է, որ տվյալ սահմանափակումը չի տարածվի «Սախալին-2» նավթագազային նախագծի վրա՝ հաշվի առնելով Ճապոնիայի էներգետիկ անվտանգությունը: Այս մասին նշվում է Ճապոնիայի կառավարության հայտարարության մեջ, որը վկայակոչում է Reuters գործակալությունը:
Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի վերին շեմի սահմանման որոշումը: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ նախարարների կաբինետը մտադիր է նախապատրաստել մեխանիզմ, որը կարգելի նավթի առևտուրը գնային վերին շեմի պայմաններում: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ նավթի գնի վերին շեմի սահմանումն անարդյունավետ կլինի և է՛լ ավելի կապակայունացնի շուկան: Ըստ Նովակի՝ Ռուսաստանը չի վաճառի նավթը գնային շեմի պայմաններով, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել նավթարդյունահանումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին նշել է, որ մեկ բարելի դիմաց 60 դոլարը լուրջ սահմանափակում չէ և մեծ ազդեցություն չի ունենա Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների զսպման վրա:
Ռուսական նավթի գնի վերին շեմը դեկտեմբերի 5-ից մեկ բարելի դիմաց մինչև 60 դոլար սահմանելու որոշումը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել էր շաբաթ օրը: Կգործի նաև ճշգրտման մեխանիզմ, համաձայն որի ռուսական նավթի գնի վերին շեմը 5 տոկոսով ցածր կլինի շուկայական գնից: Որոշման մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով մատակարարվող նավթը հնարավոր է տեղափոխել վերին շեմից բարձր գնով, եթե «այն չի արտադրվել Ռուսաստանում և չի պատկանում Ռուսաստանի քաղաքացու կամ ընկերության»։
Կարծիքներ