Ընդդիմությունը լծված է ընտրությունները սևացնելու գործին
Ընտրատեղամասերի բացվելուց անմիջապես հետո մեդիատեռորով զբաղվող շրջանակները սոցցանցային տիրույթը և իրենց պատկանող լրատվամիջոցները հեղեղել են «խախտումների» և կեղծիքների մասին «մտահոգիչ ահազանգերով»։ Չնայած Հայաստանում ընտրությունները ընթանում են բնականոն հունով՝ առանց լուրջ ընտրախախտման դեպքերի ու միջադեպերի, սակայն տարօրինակ կերպով հիշյալ շրջանակները սկսել են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ փորձելով ստվերել ընտրությունների արդար և ազատ լինելու հանգամանքը։ Ընդդիմադիր շրջանակների նման վարքագիծը սպասելի էր հաշվի առնելով նախորդիվ արված նրանց հայտարարությունները։
Այս մասին հայտնում է Medianews-ը։ Քարոզարշավից առաջ և դրա ողջ ընթացքում ընդդիմադիր շրջանակները, հատկապես Քոչարյանասերժական դաշինքների ներկայացուցիչները առանց որևէ հիմքի պնդումներ էին անում, որ իշխանությունը կեղծելու է ընտրությունները։ Իրականությունը միանգամայն այլ է. քաղաքացու կամքի վրա ազդելու, նրանց ձայնը գնել փորձելու ու շատերին ուղղորդելու դեպքերն իրականացվեցին և անգամ ընտրությունների օրը իրականացվում են հենց այդ լուրերը տարածող շրջանակների կողմից։ Ասվածի վերաբերյալ ապացույցները բազմաթիվ են․ ձերբակալված պատգամավորության թեկնածուներ ու քաղաքացիներ, ընդդիմության օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող ՃՈ տեսուչներ, տարբեր հիմնարկների աշխատողներին ուղղորդող կլինիկաների տնօրենների (Իզմիրլյան ԲԿ) և համայնքապետների ձայնագրություններ (Քասախի համայնքապետ) և մի շարք այլ օրինակներ։ Ընտրությունների օրվա մեկնարկին զուգահեռ նման կեղծ տեղեկատվությունների ծավալը տասնապատկվեց, և ընդդիմադիր շրջանակներին սպասարկող տելեգրամյան ալիքները անդադար հաղորդում են այս-այն ընտրատեղամասում իրականացվող «ընտրախախոտւմների» մասին, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, կամ այնպիսի չնչին թերություններ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ակնհայտ է, որ առանց փաստական հիմքի նման հայտարարությունները դուրս չեն գալիս բամբասանք լինելու մակարդակից։ Այս մեղադրանքները տարօրինակ են նաև 2018 թվականի ընտրությունների հետ համեմատման ֆոնին, երբ Հայաստանում և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից դրանք ճանաչվեցին աննախադեպ արդար ընտրություններ։ Ակնհայտ է, որ ընտրությունների կեղծված լինելու համատեքստը ջանասիրաբար ստեղծվում է կոծկելու սեփական պարտության անխուսափելիությունը և հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստելու համար։ Այնուամենայնիվ, ի հեճուկս վերոնշյալ փորձերի, միջազգային դիտորդական կազմակերպություններն արդեն արձանագրում են, որ ընտրություններում որևէ տեսանելի խախտում դեռևս չեն արձանագրվել։
Կարծիքներ