ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի մեծածավալ փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9:

Այս օրենքով մենք առաջարկում ենք նոր թվային ճարտարապետություն, որը պետք է հիմնված լինի պաշտպանված տվյալների շտեմարանների և գրագետ տվյալների կառավարման վրա։ Սա կնվազեցնի կիբեռհարձակումների ռիսկը և կապահովի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը։

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նոր ինքնավար մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով, որը կդառնա պետական կառավարման համակարգի կիբեռանվտանգության գլխավոր համակարգողը և կիրականացնի ԲՏԱ նախարարության մշակած քաղաքականության իրականացումն այդ ոլորտում։ Մարմինը նաև աջակցող գործառույթ է իրականացնելու մասնավոր ոլորտի համար՝ ի հայտ եկած կիբեռմիջադեպերը հաղթահարելու նպատակով:

Հարկավոր է ընդգծել, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը չի նշանակում առկա բոլոր խնդիրների վերացում կամ ոլորտի անմիջական կարգավորում․ սրան պետք է հաջորդի շուրջ երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում։ Սակայն փաստ է, որ մենք հիմք ենք ստեղծում, որ մոտ ապագայում կիբեռանվտանգ և պաշտպանված միջավայր ապահովենք մեր երկրում կենսական նշանակության ոլորտների (էներգետիկա, արտադրություն, տրանսպորտ, առողջապահություն, ֆինանսական ոլորտ) տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում