Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում

Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում

Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. միջոցառման շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է պլանավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 18-19-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա Մեծ քսանյակի հերթական գագաթնաժողովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ մեր երկրի պատվիրակությունն այս միջոցառմանը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ Լավրովը ելույթ կունենա լիագումար նիստում և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթները նախատեսված են նոյեմբերի 18-ին լիագումար նիստերի ընթացքում՝ անհավասարության, սովի և աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև գլոբալ ինստիտուտների բարեփոխման թեմաներով: Գագաթնաժողովի շրջանակներում նաև նշանակվել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մի շարք երկկողմ բանակցությունները և շփումները», - հավելել է նա։

Զախարովան նշել է, որ առաջնորդների հանդիպումը կբացվի սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի մեկնարկով։

«Սա Բրազիլիայի նախագահի գլխավոր նախաձեռնությունն է. այդ ժամանակավոր համակարգման մեխանիզմը կոչված է ելք գտնելու պարենային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության խնդրահարույց հարցերից: Ռուսաստանը մտադիր է գագաթնաժողովում հայտարարել դաշինքին միանալու մասին», - հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում