Սեւանա լճում անհետացած երկու քաղաքացիների որոնումները այսօր եւս արդյունք չեն տվել

Սեւանա լճում անհետացած երկու քաղաքացիների որոնումները այսօր եւս արդյունք չեն տվել

Հ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի անդամները, հրշեջ-փրկարարները եւ մայրաքաղաքից ժամանած մասնագետները շարունակում են որոնողական աշխատանքները Սեւանա լճում՝ 2022 թվականի մայիս 6-ի երեկոյան Սեւանա լճում նավակով անհետացած երկու քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, փրկարարական աշխատանքներում մայիսի 12-ին ներգրավված են եղել  25  հոգի, 20 նավակներով էլ փրկարարներին աջակցել են այլ համայնքներից ձկնորսությամբ զբաղվողներ։ «Որոնողական աշխատանքները չեն դադարել մայիսի վեցից։ Գիշերային ժամերին դրանք ընդհատվում են, ցերեկային ժամերին, առավոտից մինչեւ  երեկո շարունակվում: Որոնումներն ընթանում են ափից մինչեւ 2-3 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 30 մետր խորությամբ: Բայց առայժմ մեր ջանքերն ապարդյուն են անցնում »,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը։

Նախնական տվյալներով՝ որոնվողները Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1969 թվականին ծնված Ավետիք Սեւոյանն ու 2001 թվականին ծնված  Իշխան Աբրոյանն են, ովքեր Մարտունի համայնքի Զոլաքար եւ Վարդենիկ գյուղերի հատվածում նավակով ձկնորսության են դուրս եկել Սեւանա լճի վրա եւ անհետացել 2022 թվականի մայիսի 6-ի ժամը 16-ի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում