ՄՊՀ նախագահը Բեռլինում քննարկումներ է ունեցել տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ

ՄՊՀ նախագահը Բեռլինում քննարկումներ է ունեցել տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գերմանիայի մրցակցային մարմնի՝ Բունդեսկարտելամտի ղեկավար Անդրեաս Մունդթի հրավերով մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած Մրցակցության 21-րդ միջազգային գիտաժողովին և Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն:

Համաժողովի շրջանակներում Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր, ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Այդ թվում՝ Պորտուգալիայի մրցակցային մարմնի ղեկավար Մարգարիտա Մաթոս Ռոսայի հետ քննարկվել են պետական գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների և այլ հնարավոր իրավախախտումների բացահայտման մեխանիզմները, համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու և համատեղ աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորությունները։

ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահ Լինա Խանի հետ մտքեր են փոխանակվել հնարավոր աջակցության և վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունների շուրջ, ինչպես նաև ձեռք է բերվել երկկողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն։

Գեղամ Գևորգյանը քննարկում է ունեցել նաև Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի ղեկավար Թոմաս Քրոսթնիի հետ ԵՄ դրամաշնորհային ծրագրի երկրորդ հատվածի իրականացման և փոխգործակցության հուշագիր ստորագրելու հարցով։

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության և սպառողների քաղաքականության մասնաճյուղի ղեկավար Թերեզա Մորեյրայի հետ քննարկվել է ՀՀ մրցակցության օրենսդրության և այլ իրավական ակտերի, ՄՊՀ կառուցվածքի, աշխատակիցների կարողությունների և ՀՀ-ում մրցակցային միջավայրի վերաբերյալ UNCTAD–ի կողմից փորձագիտական ակնարկ (Pear Review)  իրականացնելու հնարավորությունը:

ՄՊՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Ռումինիայի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Բրազիլիայի, Լիտվայի, Հունաստանի և Վրաստանի մրցակցային մարմինների ղեկավարների հետ, որոնց հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում