Գորիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը ուղերձով դիմել է գորիսեցիներին
Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը ուղերձով դիմել է գորիսեցիներին, որը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր Գորիս» էջում.
Վլադիմիր Աբունիցի ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Գորիս համայնքի սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր աշխարհն ապրում է բեկումնային պատմական ժամանակաշրջան՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումներով և մարտահրավերներով։ Դրանցից անմասն չի մնացել նաև մեր տարածաշրջանը։ Այդ զարգացումներին համահունչ քայլելու և մարտահրավերները պատվով հաղթահարելու համար մենք պետք է վերանայենք մինչ այժմ ունեցած մեր առաջնահերթություններն ու վեր հանենք այն խնդիրները, որոնց լուծումը կուժեղացնի և կամրապնդի մեր դիրքերը տարածաշրջանում։
Իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նպատակն է ապահովել կայուն զարգացում և անվտանգություն, կառուցել հուսալի ապագա մեր համայնքի, հետևաբար նաև՝ մեր երկրի համար։
Այդ ապագան վստահաբար կա, և մեր ձեռքերում է այն կերտելու գործիքը։
Իմ և մեր թիմի աշխատանքը միտված է լինելու քաղաքական ամեն տեսակ պառակտումների վերացմանը, հակամարտ կողմերի հաշտեցմանը, բոլորիս ներուժը միավորելուն և մեր համայնքի շենացմանը ծառայեցնելուն։ Համերաշխությունը, միասին նույն ուղղությամբ նայելն ու գործելը կենսական կարևորություն ունեն մեր հզորացման գործում։
Մեր տեսադաշտում են լինելու օրվա հրամայականը հանդիսացող այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, համայնքի բնակչության անվտանգության ապահովումն ու սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, ժողովրդագրական խնդիրների լուծումը, բնակարանաշինության ծրագրերի խթանումն ու արտագաղթի կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Մեր գործունեության առանցքն են հանդիսանալու քաղաքաշինության, հանրային տրանսպորտի, մշակույթի և սպորտի ոլորտների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների զարգացման և կառավարման հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները։
Առանձնապես կարևորելու ենք մշակութային և սպորտային կյանքում երիտասարդների ընդգրկվածության մեծացումը։
Գորիսը Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որն ունի իր այցեքարտը, իր յուրօրինակ տեսքը։ Ուստի բացառելու ենք ցանկացած նախաձեռնություն, որը համահունչ չի լինի մեր քաղաքի ոգուն և տեսքին։
Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Մեր հնգամյա գործունեության ծրագիրը կազմվել է ձեր իսկ առաջարկների և կարիքների հիման վրա։ Հետևաբար մեր օրակարգը քարացած չէ, համալրվելու և փոփոխվելու է՝ ելնելով ի հայտ եկած նոր հանգամանքներից, ձեր մտահոգություններից և առաջարկներից։
Ես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմը կարևորում ենք յուրաքանչյուրիդ աջակցությունն ու ակնկալում սերտ համագործակցություն հայրենաշինության այս պատվաբեր գործում։
Ապագա կա, Գորի՛ս»։
Կարծիքներ