Օգոստոսյան խորհրդակցություններ Լոռու և Արմավիրի մարզերում
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում:
Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ:
Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության սկզբում նախ ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության Լոռու մարզի վիճակագրությունը: «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից ստացված ամփոփ տվյալների համաձայն՝ Լոռու մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1035 դիմորդ: Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 795 դիմորդ, որոնցից 173-ը (21.8 %)՝ անվճար հայտով:
«Շատ լավ ցուցանիշներ են, շնորհակալություն նման արդյունք ապահովելու համար»,- դպրոցի ղեկավարներին ուղղված իր խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մարզի դիմորդներն ամենաշատն ընդունվել են հետևյալ բուհերը՝ ՎՊՀ (287), ԵՊՀ (115), Երևանի բժշկական համալսարան (64) և Երևանի տնտեսագիտական համալսարան (58): Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել «Կառավարում», «Բուժական գործ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները: Լոռու մարզից 10 դիմորդ ընդունվել է տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններով ուսանելու համար, նրանցից 3-ը «Քիմիա», 3-ը՝ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտացումներով:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ և դրանք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ուսուցիչները կստանան հավելավճար՝ բացառությամբ մաթեմատիկա դասավանդողների։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Ա. Սվաջյանը հավելել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ևս մեկ հանդիպում անցկացվել է Արմավիրի մարզում: Այն մեկնարկել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ողջույնի խոսքով, որից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ամփոփ ներկայացրել է Արմավիրի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների ցուցանիշները:
Այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։
Քննարկվել է նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հնչած հարցերի շուրջ տնօրենները ներկայացրել են հարցադրումներ, ծավալվել է քննարկում։
Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է գալիք նոր ուսումնական տարին՝ բոլորին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային տարի։
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ՝ նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները ներկայացնելու նպատակով:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակվող 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, մանկապարտեզները կհագեցվեն գույքով և սարքավորումներով: Բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում:
Խորհրդակցության ավարտին մանկապարտեզների տնօրենները հնչեցրել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են պարզաբանումներ:
Կարծիքներ