ԱՄՆ-ն արձագանքել է S-400-ների վերաբերյալ Թուրքիայի առաջարկին

ԱՄՆ-ն արձագանքել է S-400-ների վերաբերյալ Թուրքիայի առաջարկին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։ Հաղորդում է Еrmenihaber-ը։

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ S-400-ների գործարքը անընդունելի է իրենց համար։

Մի քանի օր առաջ Աքարը նշել էր, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Այդ պարագայում Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների հարցում  չի փոխվել՝ իրենք շարունակում են այդ գործարքը անընդունելի համարել։ Նա հավելել է, որ այդ մասին ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

«Համատեղ առաջնահերթությունների հարցում  փնտրում ենք համագործակցության եզրեր, իսկ տարաձայնությունների հարցում երկխոսում ենք, ինչպես դա հատուկ է դաշնակիցներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում