Արմեն Մուրադյանը «Թաֆթս» համալսարանի դասախոսի հետ քննարկել է բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալել է Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ Անուշ Սահակյանին:
ԵՊԲՀ-ից տեղեկացրել են, որ Ա. Սահակյանը, չլինելով ԵՊԲՀ շրջանավարտ և 31 տարի ապրելով արտերկրում, մշտապես կապի մեջ է հայ գործընկերների հետ և մեծ նպատակ ունի նպաստել 100-ամյա բժշկական դարբնոցում, ծննդավայրում նոր ծրագրերի իրականացմանը:
Նախորդ տարի իր ղեկավարած Health for Armenia Initiative նախաձեռնության շրջանակում նա արդեն սարքավորումներով աջակցել է «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքին:
Այս անգամ հայրենիք կատարած այցի շրջանակում մասնագետը եղել է նաև Արցախում, աշխատանքային տարբեր հանդիպումներ ունեցել հայաստանյան բժշկական կազմակերպություններում:
Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրի նախաձեռնողականությունը, նշել է, որ ԵՊԲՀ-ն բաց է համագործակցության համար՝ ուսումնական, կլինիկական, գիտական, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ոլորտներում:
Ռեկտորն ընդգծել է, որ համագործակցության առանցքում կլինեն ուսումնական՝ մասնավորապես գրադարանային ցանցի բարելավման ծրագրերը:
Բուհի ղեկավարն անդրադարձ է կատարել նաև հայ սովորողների արտերկրում հետազոտական ծրագրերի իրականացման, վերապատրաստումների, փոխանակային ծրագրերի հնարավորություններին՝ կարևորելով վերադարձից հետո հայրենիքում այդ ծրագրերի կիրառումն ու տարածումը:
Health for Armenia Initiative նախաձեռնության հիմնադիրն էլ նշել է, որ այս այցի նպատակն առողջապահության ոլորտի կարիքների գնահատումն է՝ սկսած բժշկական կրթությունից մինչև բուժսպասարկում:
Անուշ Սահակյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, կլինիկական օրդինատուրա է անցել Բոստոնում, ունի նաև հանրային առողջության մագիստրոսի և կլինիկական ինֆորմատիկայի մասնագետի կրթական աստիճաններ:
Սեպտեմբերի վերջին նախատեսվող այցի շրջանակում, նա դասախոսությամբ հանդես կգա ապագա բժիշկների և հայ գործընկերների համար՝ խոսելով հանրային առողջապահական թեմաների, այդ թվում՝ պատվաստվելու կարևորության մասին:
Կարծիքներ