Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով տիեզերագիտության ու արդի տեխնոլոգիաների թեմայով
Երևանում՝ Տիեզերագնացության օրվա առթիվ,ապրիլի 12-ին կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակում, ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն ու գիտնականները վերարժևորել են տիեզերքի նվաճման 60- ամյակը, տիեզերագիտության զարգացման գործում Խորհրդային Միության հանրապետությունների ներդրումն ու այդ համատեքստում կարևորել նաև համագործակցության ներուժն ու հեռանկարները:
«Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով միջազգային գիտահանրամատչելի գիտաժողովը, որին մասնակցում էին հայ և ռուս առաջատար գիտնականներ, փորձագետներ, կազմակերպվել է «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ:
«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հաղորդմամբ՝ Տիեզերագնացության օրվան ու դեպի տիեզերք՝ Յուրի Գագարինի թռիչքի 60-ամյակին ընդառաջ, տարիքային տարբեր խմբերի համար մի շարք միջոցառումներ են նախաձեռնել՝ էքսուրսիա տիեզերագնացության պատրաստման կենտրոն, Բյուրականի աստղադիտարան, «Առաջինը տիեզերքում. մեր Գագարինը» ցուցահանդես, դասախոսություններ, հանդիպումներ և գիտական կոնֆերանս։
«Տիեզերքն ուսումնասիրելու առաջին քայլերը կատարվել են Խորհրդային Միությունում: Այդ գործում իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանը»,- կոնֆերանսի բացմանը նշեց Կարապետյանը: Իր խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Հայաստանում ռուսական տիեզերական արդյունաբերության մեծ ներուժն առանձնահատուկ պահանջարկ ունի: «Հայաստանը ժամանակին անգնահատելի ներդրում է ունեցել տիեզերական արդյունաբերության զարգացման գործում: Աստղաֆիզիկայի և աստղագիտության 1930-ական թվականների խորհրդային դպրոցի կարևոր մաս էին կազմում հայկական անունները՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Լեոնիդ Մարգարյան: Ներկայումս՝ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և Հայաստանի ԳԱԱ-ն համագործակցում են մի շարք ռուսաստանյան գիտհետազոտական հաստատությունների հետ: Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրով Բյուրականի աստղադիտարանը մերձերկրային տիեզերական տարածության մշտադիտարկում է իրականացնում: Սա կարևոր հետազոտական և կրթական կենտրոն է»,- ասաց ՌԴ դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ աստղաֆիզիկայի, աստղագիտության և տիեզերական հետազոտությունների ուղղությամբ հայ-ռուսական բոլոր նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում են երկու երկրների գիտակրթական ներուժի զարգացման գործում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդային տարիներին՝ Հայաստանում Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել 40 տիեզերագնացներ։ Բացի այդ՝ Հայաստանը մեծ ներդրում ունի տիեզերական երևույթների և երկրի, օվկիանոսների ու բնության վրա դրանց ազդեցության ուսումնասիրության, ինչպես նաև տիեզերագիտության զարգացման գործում:
Ըստ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի՝ խորհրդային տարիներին, որպես Խորհրդային Միության մաս, Հայաստանը զգալի ներդրում է ունեցել տիեզերական հետազոտությունների և տիեզերագնացության ոլորտում։ «Հայաստանն իր աստղագիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ունի համագործակցությունների հաստատման ու տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար»,- համոզված է Միքայելյանը։ Այնուհետև, միջազգային գիտական կոնֆերանսը կարևորել և հեռավար կապով մասնակիցներին ողջունել են Ռուսաստանի «Կոսմոնավտիկա և ավիացիա» կենտրոնի նախագահ, Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, Յու. Ա. Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական կենտրոն «Կոսմեցենտրի» ղեկավար, Ռուսաստանի հերոս Սալիժան Շարիպովը։
Տիեզերագիտության մեջ Հայաստանի զգալի ներդրման վերաբերյալ զեկուցեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը: Միջազգային կոնֆերանսին զուգահեռ տեղի ունեցավ «Առաջինը Տիեզերքում. մեր Գագարինը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված են մոտ 63 լուսանկարներ՝ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կյանքից, ինչպես նաև Սևանի, Երևանի, Արարատյան դաշտի, Արարատ լեռան այս տարվա մարտ ամսին տիեզերքից արված լուսանկարներ։ Կոնֆերանսի բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպաններն ու Բելառուսիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Կարծիքներ