Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել «DefenseRomania»-ին
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել DefenseRomania-ին, որում ներկայացրել է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների հետ Հայաստանի համագործակցությունը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների շարժընթացներին:
Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ ստորև.
Հարց. Վերջերս տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ինչպե՞ս եք գնահատում, այս հանդիպման համատեքստում, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերության երկրների հետ Հայաստանի ներկայիս համագործակցությունը, հեռանկարներն ու արդյունքները:
Պատասխան. ԵՄ հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերը, և մեր համագործակցությունը հիմնված է մեր ընդհանուր՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքների վրա: Այս համատեքստում մենք մեծապես գնահատում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով Հայաստանին սատարելու ԵՄ և ԵՄ անդամ երկրների դերակատարությունը: Այս առումով ցանկանում եմ շեշտել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը. ի դեպ, 2018թ. այն վավերացրած առաջին երկրներից է նաև Ռումինիան: Միևնույն ժամանակ, ԵՄ հետ բազմակողմանի և համապարփակ համագործակցության կարևոր ձևաչափ է հանդիսանում Արևելյան գործընկերության հարթակը, որը ԵՄ և ԵՄ անդամ երկրներին, գործընկերներին հնարավորություն է տալիս կիսել իրենց տեսլականը, գերակայությունները և մտահոգությունները՝ արդյունավետորեն հասնելու առաջադրված նպատակներին:
Ելնելով այս նկատառումներից՝ այս տարվա հունիսի 18-ին կայացած հանդիպման տեսակոնֆերանսին, որին Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ռումինիան՝ նախագահ Կլաուս Յոհաննիսը, ներկայացվել է Արևելյան գործընկերության ընդհանուր փիլիսոփայության պահպանման տեսլականը և կարևորությունը, որը ԵՄ հետ հարաբերություններում միավորում է ԱլԳ անդամ 6 երկրներին: Հայկական կողմը կարծում է, որ ցանկացած սահմանազատող գծի անցկացում կարող է խաթարել այս ձևաչափի ընդհանուր փիլիսոփայությունը: Հայկական կողմի համար մեկ այլ կարևոր բաղադրիչ է հայ հասարակության այն սպասումներին արձագանքելը, որոնք միտված են մարդկանց միջև առավել անմիջական շփումների հաստատմանը ԵՄ և ԵՄ քաղաքացիների հետ, ինչը կարող է հանդիսանալ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության սկիզբը:
Այս հանդիպումը նախորդներից տարբերվում էր ոչ միայն ձևաչափով, ինչը COVID-19 համավարակի պատճառով առաջացած վերջին ամիսների իրավիճակի հետևանքն է, այլև բովանդակությամբ. ինչպես հանդիպման ժամանակ նշեց հայկական կողմը, շատ արժեքավոր է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստանին ցուցաբերած 92 միլիոն եվրոյի հասնող ԵՄ օգնությունը:
Մեզ համար շատ կարևոր է ԵՄ գործընկերների հետ հաստատված մեր փոխըմբռնումը, առավել ևս, համավարակի պայմաններում էթնո-քաղաքական հակամարտությունների գոտիներում լարվածության թուլացման առումով: Այս համատեքստում մենք մեծապես գնահատում ենք ԵՄ և ԵՄ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Դա նաև առաջարկվել է Եվրախորհրդարանի կողմից գագաթաժողովին ընդառաջ ընդունված բանաձևում՝ վերահաստատելով աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 2009թ. մշակված հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով, որ վերջնական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այն բոլոր կողմերին խրախուսում է ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ հրահրող հռետորաբանությունից, որը կարող է վտանգել հարցի խաղաղ կարգավորման հետագա հեռանկարները:
Հարց. Շարունակելով հարցը, որո՞նք են տարածաշրջանային քաղաքականության վերջին զարգացումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:
Պատասխան. ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: COVID-19 համավարակի պայմաններում էլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մշտական կապի մեջ մնալ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ, որի առաքելությունն է Կողմերի շփման գծի երկայնքով իրավիճակի մշտադիտարկումը:
Այս տեսանկյունից, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ խաղաղ կարգավորման գործընթացը չունի այլընտրանք, և այդ խաղաղ կարգավորման բաղադրիչները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար: Այս բաղադրիչները պետք է առաջին հերթին արտացոլեն հակամարտության գոտում ապրող մարդկանց շահերը, և այս համատեքստում կարևոր է նշել Արցախում անցկացված ընտրությունները՝ մարտի 31-ին և ապրիլի 14-ին (երկու փուլով) վեցերրորդ նախագահական և մարտի 31-ին յոթերորդ խորհրդարանական: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը վերահաստատեց իր հանձնառությունը կառուցելու մարդու իրավունքների վրա հիմնված պետականություն, այդ թվում՝ իրենց ընտրյալ ներկայացուցիչների միջոցով (փաստ, որը դեռևս 1990-ական թվականներից հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող ԵԱՀԿ փաստաթղթերում), ովքեր կոչված են ներկայացնել ժողովրդի շահերը խաղաղ կարգավորման գործընթացում:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել բոլոր կողմերի ջանքերը՝ պահպանելու հրաադադարը և բացառելու նոր հակամարտության վերսկսումը, ինչը կարող է հանգեցնել նոր տառապանքների և մարդու իրավունքների ոտնահարումների: Այս առումով, միջազգային հանրության ջանքերը շատ կարևոր են, հատկապես հաշվի առնելով մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, համաձայն որի Ադրբեջանը խախտել է եվրոպական կոնվենցիաների առանցքային նորմերը` ներում շնորհելով, պարգևատրելով և փառաբանելով ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. Բուդապեշտում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հուսով ենք, որ գործադրված ջանքերը կնպաստեն, որ ադրբեջանական կողմը զերծ մնա հրադադարի մասին համաձայնագիրը գիտակցաբար խախտելուց և տարածաշրջանում պատերազմ հրահրելուց, և հետագայում կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականությանը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների հարգանքի վրա:
Հարց. Ինչպիսի՞ն է Հայաստանի և Ռումինիայի երկկողմ հարաբերությունների դինամիկան:
Պատասխան. Հայ-ռումինական երկկողմ հարաբերությունները կայուն զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղությամբ: Ցավոք, համավարակն ազդեց նաև այս գործընթացի վրա, քանի որ այս տարեսկզբին նախատեսված բազմաթիվ այցեր և միջոցառումներ հետաձգվեցին, և որոշ իրադարձություններ տեղափոխվեցին առցանց հարթակ: Հուսով ենք, սակայն, որ այս ճգնաժամի ավարտից հետո մենք ամբողջ ծավալով կվերսկսենք մեր ծրագրերն ու նախագծերը: Մինչ այդ շարունակում ենք սերտ կապի մեջ լինել մեր գործընկերների հետ՝ հետևելով իրավիճակի հետագա զարգացումներին:
Ակնհայտ է, որ համավարակը կունենա լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ, ուստի, ավելի քան բնական է, որ հետհամավարակյան պայմաններում բոլոր երկրները կփնտրեն զարգացման նոր հնարավորություններ՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը:
Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հնարավորությունները, ինչպես նաև հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունները և համեմատաբար փոքրաթիվ, բայց կարևոր և տեսանելի համայնքի առկայությունը՝ Ռումինիան կարող է Հայաստանի համար հանդիսանալ որպես եվրոպական շուկա մուտք գործելու դարպաս: Հարկ է նշել, որ այս հնարավորությունը կարող է կիրառվել ինչպես երկկողմ ձևաչափով Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ միջև սեկտորալ համագործակցության շրջանակներում, այնպես էլ ոլորտային համագործակցության և բազմակողմանի այլ նախաձեռնությունների լուսանցքում՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և Հայաստանի ու ԵՄ միջև համագործակցության այլ ոլորտներում: Եվ հակառակը, Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Ռումինիայի համար դեպի Մերձավոր Արևելքի երկրներ, նախկին խորհրդային տարածք ու Եվրասիական տնտեսական միություն:
Շատ կարևոր է նաև խորհրդարանական համագործակցությունը, ինչը բխում է և մեր երկու երկրների առաջնահերթություններից, և այս փաստը տեսանելի է, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խմբի գործունեության համատեքստում: Խմբի նախագահը մեր հայրենակիցն է, Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում միջազգային կազմակերպություններում և կառույցներում խորհրդարանական համագործակցությանը՝ փորձելով մեր ռումինացի գործընկերների ուշադրությունը հրավիրել մեր երկրների ընդհանուր կարիքների, հետաքրքրությունների և գերակայությունների վրա՝ խորհրդարանական տարբեր ձևաչափերում:
Միևնույն ժամանակ, զարգանում է նաև ապակենտրոնացված համագործակցությունը: Այս համատեքստում միանգամայն ակնհայտ է ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունը, և պատահական չէ, որ Ռումինիայի գրեթե 20 քաղաքներում և շրջաններում, որոնք համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի նման սուբյեկտների հետ, գոյություն ունեն հայկական համայնքներ (դրանցից գրեթե բոլորում այսօր գործում են Ռումինահայոց միության մասնաճյուղեր), հայկական եկեղեցիներ և ճարտարապետական հուշարձաններ:
Մենք լավատեսությամբ ենք նայում բոլոր ոլորտներում հայ-ռումինական հարաբերությունների զարգացման հեռանկարին և վստահ ենք, որ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելուց հետո առավել կխորացնենք մեր փոխգործակցությունը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների շահերի ու գերակայությունների վրա:
Կարծիքներ