«Ամուսինս բանտից խնդրում է ձեզ շարունակել պայքարը»․ Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)
Բելառուսի նախագահության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որում նա շնորհավորել է կալանավայրում գտնվող իր ամուսնուն` Սերգեյին, ծննդյան օրվա կապակցությամբ: «Իմ ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրում է, որ ես ձեզ փոխանցեմ նրա խոսքերը: Նա և մյուս քաղբանտարկյալները «նստած են» բանտում, բայց նա խնդրում է ձեզ չնստել տանը, այլ ամեն ինչ անել լավ կյանքով ապրելու համար», - ասել է նա: Քաղաքական գործիչը շեշտել է, որ ամուսինը մեղադրվում է այն հանցագործության համար, որը նա չի կատարել, այն սադրանք է «հատուկ ծառայությունների կողմից»: Ավելի վաղ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին փորձել է առաջադրվել Բելառուսի նախագահության համար այս տարվա գարնանը, սակայն նրան մերժել են գրանցվել: Դիմումներ ընդունելու վերջնաժամկետից շատ կարճ ժամանակ առաջ նրա կինը՝ Սվետլանան, ներկայացրել է իր փաստաթղթերը: Տիխանովսկին շուտով ձերբակալվել է ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքով: Նա այժմ գտնվում է նախաքննական կալանավայրում:
Կարծիքներ