Կբարելավվի Հայաստանում և Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը

Կբարելավվի Հայաստանում և Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021 թ. հոկտեմբերին Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար` հարգելով կողմ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ փաստաթղթով առաջարկվում է համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:

Բանախոսի հավաստմամբ` համաձայնագրի վավերացումը կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ երկու երկրներում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Փաստաթուղթը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

Արմեն Ղազարյանը նաև տեղեկացրել է, որ այս համաձայնագիրը ԵԱՏՄ շրջանակում երկրորդն է: Արդեն գործողության մեջ է ՌԴ-ի հետ հետընդունման փաստաթուղթը: Բանակցություններ են ընթանում Ղազախստանի և Ղրղզստանի հետ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, կարևորելով համաձայնագրի վավերացումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Համաձայնագիրը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի արտահերթ նիստում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում