2021-ին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. ՀՀ գլխավոր դատախազ
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Նա նշեց, որ քրեական հետապնդման մարմինների համար 2021 թվականն աշխատանքի ծանրաբեռնվածության և բարդությունների առումով արտառոց տարի է եղել:
«2021 թվականի ընթացքում շարունակվում էր համավարակը, դրան պետք է գումարենք հետպատերազմական հուզական մթնոլորտը, որ կար երկրում, դրանով պայմանավորված՝ բազում իրավախախտումների, իրավակարգին սպառնացող ռիսկերի գոյությունը»,- ասաց Դավթյանը:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44 751 քրեական գործ: Այս թիվը 10 000-ով ավելի է 2020 թվականի ցուցանիշների համեմատությամբ:
«Դատախազական ծանրաբեռնվածությունն այդ 44 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս մեկ դատախազի հաշվով կազմել է շուրջ 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:
Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9000 դատախազական ակտ: Էապես ավելացել է դատախազական ցուցումների թիվը: Դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը գերազանցում է 2020 թվականի արդյունքները:
Դավթյանն իր խոսքում նշեց, որ մարմնի առաջնահերթությունը եղել է կոռուպցիայի դեմ պայքարը:
«Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք: Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: 2022 թվականի առաջին եռամսյակում մենք ունենք 19 միլիարդ դրամի՝ պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը հասնում են իրենց հանգուցալուծումներին»,- ասաց Դավթյանը:
Կարծիքներ