ՀՀ և Լիտվայի ՆԳ նախարարները քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները
Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Վիլնյուսում քննարկել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ է եղել նաև Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին և բարեփոխումներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Ագնե Բիլոթաիտեն բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։
«Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանը և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության և, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
Կարծիքներ