Կա՛մ ինչ ասի՝ պետք է ասես «Ամեն», կա՛մ թշնամի ես. Արամ Սարգսյանը՝ Գալստանյանի շարժման ու իրադարձությունների մասին
«Հեգևորականն ընտրություն անցկացնող չէ: Հոգևորականը մկրտություն, ամուսնություն անող է, հոգուն հանգստություն տվող է, բայց ընտրություն անող չէ»:
Այս մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ «Dialogue» հաղորդաշարի եթերում խոսելով Վազգեն Գալստանյանի շարժման և հայտարարությունների մասին:
«Էդ մարդը հակադրություն ունի բոլորիս հետ: Երբ ասում ենք՝ ձեր հանրահավաքը քիչ էր, ասում է՝ շատ էր: Երբ ասում ենք՝ խոստացել էիք իշխանափոխություն, բավական շատ մարդ կար, ասում է՝ քիչ էր: Կա՛մ ինչ ասի ինքը՝ պետք է ասես «Ամեն», կա՛մ թշնամի ես»,-նշել է Սարգսյանը:
Ըստ քաղաքական գործչի՝ սկսած 2003 թվականից երբեք եկեղեցին գնահատական չի տվել կատարվող իրադարձություններին և դրանցում ոստիկանական կոշտ գործողություններին ու անհամաչափ ուժին, ընտրությունների կեղծիքներին, ընտրակաշառքներին, «Մարտի 1»-ի սպանություններին, կուսակցությունների փակելուն, եկեղեցին չի ասել «Էս ի՞նչ եք անում»:
Սարգսյանը հավելել է, որ քաղաքական համատեքստում եկեղեցին կարող էր հանդես գալ միայն երբ մարդիկ փողով «վաճառում էին» իրենց ձայնը ընտրություններում:
«Էս պրոցեսները, որ հիմա անում է եկեղեցին, անում է իր դեմ: Ես խոսում եմ՝ թույլ չտալու համար եկեղեցու վարկանիշի իջեցումը: Հիմա, երբ եկեղեցին մտել է քաղաքական քարոզի մեջ, անգամ եկեղեցի մտնելը բարդ է թվում: Ես դեմ եմ, որ եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ, մտնի էդ դաշտ, որովհետև ինձ համար եկեղեցին պետք է հոգևոր կապ ապահովի, իրենցը ժամանակավոր կառավարություն ստեղծելը չէ:
Իրենք սկզբում ասում էին՝ «Հայ, Հայաստան, հայրենիք, Արցախ», հիմա ասում են «Հայ, Հայաստան, հայրենիք», Արցախը դուրս եկավ, ինչու՞: Ես կարծում եմ, որ էն տեղերը, որտեղ մշակվում է էդ քաղաքական ծրագիրն ու թե ինչ պետք է վանկարկեն, ասել են հանեք Արցախը, էդ թեման մենք 202-ից փակել ենք, ասել ենք Արցախը Ադրբեջանի մաս է, որովհետև եթե Արցախը լիներ, մենք մեր խաղաղապահներին Արցախից դուրս չէինք հանի: Այսինքն ես համարում եմ, այս գործընթացը եկեղեցին չի նախաձեռնել հայրենիքի համար: Եկեղեցին թողել է հոգևոր դաշտն ու մտել քաղաքական գործընթացների մեջ, հոգևոր դաշտը հիմա բաց է» -նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ օգուտ չի բերելու եկեղեցուն այլ ուժերի կողմից այդ բացը լրացնելը:
Կարծիքներ