Անջեյ Դուդան վերընտրվել է Լեհաստանի նախագահ. հրապարակվել են «էքզիթ փոլի» արդյունքները
Լեհաստանի նախագահի Անջեյ Դուդան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Ipsos հետազոտական կենտրոնի կողմից անցկացված «էքզիթ փոլի» տվյալներին:
Ըստ սոցիոլոգների թարմացված հաշվարկների (ներառված են տարածքային ընտրական հանձնաժողովների 90%-ից ստացված տվյալները)՝ Դուդան հավաքել է ձայների 51% -ը: Նրա մրցակիցը ՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը ներկայացնում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը ՝ «Քաղաքացիական հարթակ»-ը, նախնական տվյալներով՝ ստացել է ձայների 49% -ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Դուդան հավաքել է ձայների 50,8%-ը, իսկ Տշասկովսկին` 49,2%-ը:
Պաշտոնական տվյալները կհրապարակվեն հուլիսի 13-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ipsos- ի ներկայացուցիչները, իրենց արած հետազոտության վիճակագրական սխալի հավանականությունը կազմում է մոտ 1%:
Չնայած կորոնավիրուսի համավարակին` Լեհաստանի քաղաքացիները մեծ ակտիվություն են դրսևորել ընտրություններին, ընտրատեղամասերից շատերում հերթեր են գոյացել:
Դուդան արդեն հայտարարել է, որ ուրախ է հաղթանակի համար և մրցակից Տշասկովսկիին և նրա կնոջը հուլիսի 13-ին ժամը 23:00-ին հրավիրել է նախագահական նստավայր` ձեռքսեղմումով ավարտելու այս ընտրությունները: Տշասկովսկին հրավերը չի ընդունել, քանի որ համոզված է, որ ընտրությունների վերջնական արդյունքում հաղթողն ինքն է լինելու:
Կարծիքներ