ԼՂ-ի՝ Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր. Արարատ Միրզոյան

ԼՂ-ի՝ Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

Այդ մասին հաղորդագրությունը ՀՀ ԱԳՆ-ն տեղադրել է իր պաշտոնական կայքում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամն՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից: 

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը:

«Համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ-ի և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում