Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու հանգամանքով պայմանավորված։

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և ԱՊՀ այլ երկրների մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իրենց երկրների տարածքում գտնվող հուշարձանների ընդգրկման փորձը: Համագումարում նախանշվել են համագործակցության հեռանկարներ։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության պատվերով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ․ մշակել է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանն է ներկայացվել: Ըստ այդմ՝ 2024 թ․ հուլիս ամսին Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկ ընդգրկելու նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» նախնական գնահատման հայտը (Preliminary Assessment) ընթացիկ տարում նաև ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոն և ստացել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) կարծիքը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում