Էրդողանը Կարո Փայլանին «դավաճան» է անվանել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, քանի որ վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։
«Մենք այդ օրինագիծն ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն՝ արված բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ հույս հայտհնելով, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը»:
Ըստ Էրդողանի, Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։
Հիշեցնենք, Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունն էլ այսօր հետաքննություն է սկսել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել դրա մեղավորների անունները:
Այս ամենից հետո նրա դեմ ատելության խոսքեր են ուղղվել Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
Կարծիքներ