Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների տեղադրման համար

Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների տեղադրման համար
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:
Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նշվել է, որ այն բացասաբար է ազդում նաև Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը խաղային ոլորտը կանոնակարգելու նպատակով կկատարվեն եւս մի շարք փոփոխություններ:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից:
Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դիտակել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը՝ երկու օրենքների միջև առկա հակասությունները շտկելու համար:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Կարծիքներ