Հայաստանի ԱԳ փոխնախարարը և ԵԽ կոմիտեի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հայաստանի արտաքի գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի տեղահանման հետևանքները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և այս համատեքստում երախտիքի խոսքեր փոխանցել Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու համար:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցեր, ներառյալ՝ միջխորհրդարանական համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի:
Կարծիքներ