2021-ին Երևանում և մարզերում արձանագրվել է 1579 խախտում. ՔՏՀԱՏՄ
Տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 110 օբյեկտ։ 18-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։Ստուգումների արդյունքում ։ Ամենից շատ՝ 21 ստուգում արվել է Սյունիքի, ամենից քիչ՝ 3՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է 52 վերստուգում։
Ստուգումների արդյունքում կազմվել է 26 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 134 կարգադրագիր։
Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 102 օբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում բացահայտվել է 562 խախտում, ինչը բացահայտված բոլոր 1579 խախտումների 35․6%-ն է։
Հիմնական խախտումները վերաբերում են՝
-գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 59 դեպք,
-կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը ՝ 58 դեպք,
-գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 55 դեպք,
– գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 49 դեպք,
-գազավտանգավոր աշխատանքների կարգագրմանը՝ 32 դեպք,
-գազատարի ամրության և կիպության փորձարկման աշխատանքներին, որոնք գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում՝ 32 դեպք։
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 97 էներգատեղակայանքներում բացահայտվել է 821 խախտում։
Հիմնական խախտումներն են․
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայություն՝ 48 դեպք,
• գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
• գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարում՝ 69 դեպք,
• գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարում՝ 71 դեպք։
Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում վերացվել են բոլոր 5 խախտումները։
110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում` էլեկտրահաղորդման օդային գծերի 4 տեխնիկական ստուգումների ընթացքում բացահայտվել է 65 խախտում։ Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում 6 խախտումից վերացվել է 5-ը։
110կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի 13 տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 129 խախտում։
2021թ․ ընթացքում հիմնական խախտումները հետևյալն են.
• ԲՍ (բաշխիչ սարքվածք) տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները բացակայում են՝ 9 դեպք,
• հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, ոչ պակաս, քան 6 տարին մեկ, չեն կատարվում հպման լարումների չափումներ՝ 6 դեպք,
• կարգագրով աշխատելիս չի ձևակերպվում նպատակային հրահանգավորումը, առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում՝ 6 դեպք։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ (տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա), նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 1678 տեխնիկական ստուգում, որից 912-ը՝ էլեկտրաէներգետիկական և 766-ը՝ գազամատակարարման համակարգերում:
Ստուգումների արդյունքում տրվել են 1332 գործարկման եզրակացություն,որից 346-ը նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության հիմքերով մերժվել են։
Գործարկումների և մերժումների 2019 և 2020 թվականների պատկերը հետևյալն է․ 2019թ․՝ 1102 գործարկում և 157 մերժում, 2020թ․՝ 1046 գործարկում և 211 մերժում։
2021 թվականին էներգատեղակայանքներում գրանցվել 21 մահվան ելքով պատահար, 2020 թվականին՝ 14 դեպք, իսկ 2019 թվականին՝ 20։
Տարվա ընթացքում 13 պատահարների վերաբերյալ մասնագիտական քննություններ են կազմակերպվել և իրականացվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները 2020 և 2021 թվականներին մասնակցել են 1-ական համակարգային պատահարի մասնագիտական քննության:
Կարծիքներ