Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլ նաև դիվանագիտական ասպարեզում:
Նա իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է, իսկ երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում, սակայն հրադադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Իսկ մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հուդզոնի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը, խոսելով սահմանում ընթացող պատերազմի մասին, ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Ընդ որում, վերլուծաբանի խոսքով, հրադադարը չպահպանելու պատճառն ադրբեջանական կողմի ցանկությունն է՝ իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ:
«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որևէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին ավելի ամուր դիրքեր»,- մեզ հետ զրույցում նկատեց վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը:
Ուշագրավ է, որ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Մոսկվա, ուր առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էր ԼՂ համակարտության շուրջ իրավիճակն ու կրակի դադարեցման հետ կապված հարցերը։ Դրանից հետո արտգործնախարարներից յուրաքանչյուրը վերադարձել էր իր երկիր, ապա մեկնել ԱՄՆ, և հանդիպումները կկայանան այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ