Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Այնուհետև խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա նշել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ, կառույցի աուդիտի կոմիտեի անդամ է:

Հովհաննես Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` մասնագիտական քննարկման և իր թեկնածությանը հավանություն տալու համար: Թեկնածուն առաջնահերթ է համարել ԿԲ թվային արժույթի թողարկումը: Հովհաննես Խաչատրյանի կարծիքով` սպառողների շահերի պաշտպանության առանցքում պետք է լինի պատասխանատու վարկավորումը, ինչպես նաև սպառողների շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու տեխնոլոգիական հմտությունների ավելացումը: «Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը, մասնավորապես զարգացող երկրների շրջանում»,- ընդգծել է թեկնածուն:

Խորհրդարանը շարունակում է հարցի քննարկումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում